Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նոր շարժմանը սպասենք հինգ տարի հետո

Նոր շարժմանը սպասենք հինգ տարի հետո
17.04.2013 | 13:32

2008-ին սկսված շարժումն ավարտված կարելի է համարել: Վաղուց որևէ մեկը` հենց 2008-ին կազմավորված ընդդիմությունից, որի կնքահայրն ու առաջնորդը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, չի արտաբերել «համաժողովրդական շարժում» բառակապակցությունը: Ընդդիմադիր դաշտի լեքսիկոնից այն հետզհետե վերացավ: Նախ` ստեղծվեց Հայ ազգային կոնգրես դաշինքը, որը կոչված էր առաջ տանելու նախագահական ընտրություններից հետո սկսված ու բավականին թափ առած շարժումը, և այդուհետ ավելի շատ հղում էր արվում ՀԱԿ-ին, քան թե «համաժողովրդական շարժում» ասվածին: Որևէ քաղաքական կառույցի ձևավորման ժամանակ պիտի զգույշ լինել` ի սկզբանե հռչակած սկզբունքներից չհեռանալու համար: Միլիմետր անգամ: Մի ուժ, որը կոչված է ժողովրդի շահերի շրջանակներում գործելու, լուրջ պատասխանատվություն է վերցնում իր վրա: Սակայն այս պարագայում, ավելի մեծ սահմաններ ընդգրկելու փոխարեն, շրջանակը գնալով նեղացավ, դուրս թողնելով շարժման շուրջ հավաքված որոշ ուժերի, ինչն էլ ծառայեց ոչ թե իշխանափոխությանը, այլ, նախևառաջ, նույն ՀԱԿ-ի պառակտմանը: Չեմ կարծում, թե Տեր-Պետրոսյանը ցանկանում էր դա, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Ու դեռ ավելին: ՀԱԿ կուսակցությունների դաշինքը տարիների հետ այնքան փոքրացավ, իր շարքերից դուրս մղելով շատ «այլախոհների», որ, ի վերջո, դարձավ… կուսակցություն: Մեկը նրանցից, որ Հայաստանի` գերհագեցած կուսակցական դաշտում ընդամենը անուն են պահպանում և այդ անվան տակ որոշակի շահեր հետապնդում` ընտրությունից ընտրություն:
Ինչն է հիմք տալիս մտածելու, որ ՀԱԿ կուսակցությունն առանձնապես նոր երանգ չի բերելու մեր քաղաքական դաշտում: Վերջին երկու-երեք տարիների ՀԱԿ դաշինքի գործունեությունը դրա ապացույցն է: Ի՞նչ է արել այս դաշինքը, հատկապես` վերջին մեկ տարում: Քաղաքական քայլերի անշնորհակալ վերլուծությունը թողնենք մի կողմ, այդ քայլերի մասին շատերն են խոսել, նույնիսկ` ՀԱԿ նախկին անդամներ: Բավական է նշել միայն, որ ՀԱԿ դաշինքի որոշ անդամներ, ինչ-որ պահից սկսած, մոռացան իրենց առաքելությունը և ավելի շատ աշխատեցին ներսում` կառույցը պառակտելու, քան հակառակը` նոր ուժեր ներգրավելու ուղղությամբ: Իսկ վերջին ակորդը 2013-ի նախագահական ընտրություններն էին, երբ ՀԱԿ դաշինքի անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե առաջադրվում է նախագահի թեկնածու, ու ՀԱԿ-ից պոկվեց համակիր-պայքարողների ևս մեկ խումբ: Չասենք` բագրատյանական, քանի որ Հրանտ Բագրատյանն իրականում աշխատանք չի տարել այդ ուղղությամբ ՀԱԿ-ի ներսում: Շատերը, պարզապես չհասկանալով իրեն ընդդիմադիր հռչակած ուժի` նախագահական ընտրություններին չմասնակցությունը, կանգնեցին Բագրատյանի կողքին` նախկին վարչապետին համակրելով ու նրա մեջ իրենց պայքարի շարունակականության հույսը տեսնելով:
Ի վերջո, ի՞նչ ունենք հիմա: Ու՞ր հասավ 2008-ի համաժողովրդական շարժումը: Ո՞րն է այդ հանգրվանը: Կարելի է ասել` դաշինքն ինչպես ստեղծվեց, այնպես էլ մասնատվեց: Վերացավ ՀՀՇ-ն, որը ոչ միայն հայոց անկախ պետականության ստեղծման ակունքներում է եղել, այլև` ՀԱԿ դաշինքի համախմբող ուժերից մեկը: Ստեղծվեց մեկ այլ կուսակցություն` Հայ ազգային կոնգրես անունով: Համաժողովրդական շարժումը գուցե և վերակենդանանար Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհիվ, եթե վերջինս ավելի բարեհաճ լիներ մյուս ուժերի նկատմամբ` մի կողմից, վերջիններս էլ ավելի ազնիվ լինեին Հովհաննիսյանի նկատմամբ` մյուս կողմից:
Առջևում Երևանի ավագանու ընտրություններն են, ինչը դժվար թե որևէ բան փոխի կամ ժողովրդական նոր ալիքի առիթ դառնա: Քաղաքապետի ընտրության համար առանձին -առանձին պայքարում են մի քանի ուժեր, որոնք, թերևս, ավելի շատ կնպաստեն իշխող ՀՀԿ կուսակցության հաղթանակին` իրարից ձայներ խլելով: Մի բան հստակ է` քանի դեռ ընդդիմության լիդերի վերմակը յուրաքանչյուր ուժ դեպի իրեն է քաշում, համաժողովրդական շարժումը վիժեցվելու է:
Հաջորդ նախագահական ընտրությունները 2018-ին են:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1972

Մեկնաբանություններ